Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Գանգլիոն. այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ. drtehmine.com

Գանգլիոն. այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ. drtehmine.com

Ջլային գանգլիոնը (հիգրոման) բարորակ, ուռուցքային, բշտաձև գոյացություն է, առաջանում է հոդերի կամ ջլերի շուրջ։
Հաճախ ջլային գանգլիոնն առաջանում է դաստակի թիկնային մակերեսին: Բավականին հաճախ հանդիպում են ծնկան հոդի, հազվադեպ՝ ոտնաթաթի թիկնային մակերեսի հիգրոմաները։ Գանգլիոնի չարորակացման  դեպք չի  արձանագրվել։

Ախտանիշները

Ջլային գանգլիոնը չի համարվում վտանգավոր, սակայն կարող է հոդի կամ ջլի աշխատանքի ժամանակ ցավեր առաջացնել և հաճախ չափերով նկատելի է դառնում, իսկ բաց թողնված դեպքերում սկսվում է հոդերի սեղմումը, ինչն բերում է երակներում արյան կանգի և ցավերի առաջացման։ Շոշափման ժամանակ գանգլիոնը ուռուցքանման, կլոր և քիչ շարժուն գոյացություն է՝ հստակ սահմաններով։  Այն առաջանում է հոդի շրջանում և տարբերվում է պինդ-էլաստիկ կոնսիստենցիայով։  

Քանի դեռ ջլային գանգլիոնը փոքր է, սովորաբար, որևէ անհարմարություն չի ստեղծում։

Պատճառները

Հիմնականում ջլային գանգլիոնի առաջացման և զարգացման պատճառները որոշակի շրջանում մշտական որևէ ազդեցությունն է (օրինակ, շփումը կամ ճնշումը): Հենց այդ պատճառով այս երևույթը հաճախ անվանում են մասնագիտական։  

Իրականում, հիգրոման դեգեներատիվ սինովիալ բուշտ է։

Ե՞րբ դիմել բժշկի

Հենց նորագոյացության առաջացման պահից անմիջապես հարկ է դիմել մասնագետին։

Հիվանդության ձևերը

Գանգլիոնն ունի շարակցահյուսվածքային պատիճ, որը հաճախ բազմաշերտ է։ Ներսից պատիճը բաղկացած է խոռոչներից, որոնք կարող են լինել մի քանիսը կամ ընդամենը մեկը։  Այդ խոռոչները պարունակում են խիտ սինովիալ հեղուկ։

Տարբերում են հիգրոմայի մի քանի տեսակ:

  • Փական. հիգրոմայի պատիճի և մայրական թաղանթի միացման տեղում ձևավորվում է փական։ Երբ ճնշումը մայրական խոռոչում մեծանում է` ծանրաբեռնվածության կամ վնասվածքի հետևանքով, սինովիալ հեղուկն սկսում է հոսել գանգլիոնի խոռոչ, սակայն հետհոսքը արգելակվում է փականի միջոցով։
  • Բերանակցում. ջլային գանգլիոնի խոռոչներ, այս դեպքում, բերանակցվում են ջլաբունոցի կամ հոդի հետ։ Նման դեպքերում հեղուկը հիգրոմայից ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս և լցվում  մայրական խոռոչ։
  • Մեկուսացված. այս դեպքում գանգլիոնը լիովին մեկուսացված և հեռացված է մայրական խոռոչից։ Սակայն, այնուամենայնիվ, վերջինիս հետ ունի սերտաճման հնարավորություն։


Ախտորոշումը

Սովորաբարր, ախտորոշվում է անամնեզի և բնորոշ կլինիկական երևույթների հիման վրա։ Ոսկրահոդային ախտաբանության բացառման նպատակով կարող է նշանակվել ռենտգենագրաֆիա։ Կասկածելի դեպքերում իրականացվում է ՈՒՁՀ, մագնիսառեզոնանսային շերտագրություն կամ գանգլիոնի պունկցիա։

Բուժումը

Ջլային գանգլիոնի բուժումը կոնսերվատիվ և վիրաբուժական է։

Կոնսերվատիվ բուժում։ Եթե գանգլիոնը չափերով դեռ փոքր է, կարող է կիրառվել մեխանիկական ճնշման մեթոդը։ Դա շատ ցավոտ գործողություն է, որի ժամանակ հաճախ են կրկնությունները։ Բանն այն է, որ գանգլիոնի խոռոչներում գտնվող հեղուկը ճնշման դեպքում կարող է լցվել շրջակա հյուսվածքներ։ Երբեմն կարող է սկսվել բորբոքային գործընթաց կամ, նույնիսկ, թարախակալում։ Իսկ վնասված թաղանթը որոշ ժամանակ անց կարող է վերականգնվել, որի պարագայում հավանական է նոր գանգլիոնի առաջացումը։ Ժամանակակից բժշկության մեջ տվյալ մեթոդը գրեթե չի կիրառվում` սկսած անցյալ դարի  80-ականներից, իր կոպիտ, ցավոտ և քիչ արդյունավետ լինելու պատճառով։

Կոնսերվատիվ եղանակներից է գանգլիոնի պունկցիան, որը կիրառվում է ո՛չ միայն բուժական նպատակով (երբ ինչ-որ պատճառով հնարավոր չէ վիրահատություն իրականացնել), այլ նաև՝ ախտորոշման (գանգլիոնի պարունակությունը վերցվում է հետազոտության համար)։

Բուժական նպատակով գանգլիոնից հեռացվում  է հեղուկը, ապա խոռոչը լցվում է հատուկ պատրաստուկներով, որոնք նպաստում են գանգլիոնի պատիճի կարծրացմանը։ Դրանից հետո, գանգլիոնի տեղակայման մասում տեղադրվում է վիրակապ և մեկ շաբաթով` գիպս, վերջույթի անշարժացման նպատակով, քանի որ սինովիալ հեղուկի արտադրությունը նվազեցնելու համար անշարժացումը կարևոր է։

Վիրաբուժական բուժում. երբ կոնսերվատիվ եղանակներն անարդյունավետ են , իսկ գանգլիոնը ցավ է պատճառում, չափերով մեծանում է կամ խիստ նկատելի է, ապա մնում է միայն վիրահատական միջամտությունը՝ բուրսէկտոմիան։  

Այս վիրահատության ժամանակ սինովիալ պարկը լիովին հատվում է, հեռացվում է ջլային գանգլիոնը և նրա բոլոր թաղանթները։ Վիրահատությունը կարելի է իրականացնել տեղային անզգայացմամբ՝ ամբուլատոր։ Ցավազրկող միջոցը ներարկվում է գանգլիոնի շուրջը: Վիրահատությունը տևում է առավելագույնը` կես ժամ ։

Հարկ է նշել, որ ամբուլատոր վիրահատության ժամանակ անհնար է գանգլիոնի լիարժեք և ադեքվատ հեռացումը, քանի որ հյուսվածքների ներսում պահպանվում է ցավային զգացողությունը։ Գերադասելի է վիրահատությունն իրականացնել ընդհանուր անզգայացմամբ, երբ ապահովվում է հյուսվածքների լիարժեք ցավազրկում։  Վիրահատությունից հետո գագլիոնի հեռացման տեղը կարվում է: Վերքը, հիմնականում, ապաքինվում է 10-12 օրվա ընթացքում։   

Շատ կարևոր է ջլային գանգլիոնի վիրահատական հեռացումից հետո վերջույթի վիրահատված մասը գիպսե լանգետի միջոցով ամուր անշարժացնել` 2-3 շաբաթ։ Մինչև սպիի ձևավորումը չի կարելի շարժել վերջույթն այն մասում, որտեղ եղել է գանգլիոնը, այլապես հնարավոր է  կրկնություն։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ